Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Գոնգեղ. մոռացված բանջարաբույսի առեղծվածը

Գոնգեղ. մոռացված բանջարաբույսի առեղծվածը

Գոնգեղը [ Brassica Napus rapifera (брюква), B. napobrassica] խաչածաղկավորների ընտանիքին պատկանող երկամյա բույս է, որի վայրի տեսակը 1620թ. հայտնաբերվել է Շվեդիայում: 1935թ. Վու Ջանգ Չունն ապացուցել է, որ գոնգեղը սերում է սպիտակ կաղամբի (Brassica oleracea) ու շաղգամի (Brassica rapa) բնական խաչաձեւումից: Ըստ Պլինիուսի, հռոմեացիների խոհանոցում օգտագործվել են եւ՛բողկը, եւ՛կաղամբը, ե՛ւ գոնգեղը: Ֆրանսիայում ու Անգլիայում բույսը սկսել են մշակել 18-րդ դարի վերջում:

 

Գոնգեղի մեծ սիրահար է եղել Գյոթեն, 1915-1917 ու 1945-1948 ետպատերազմյան սովի տարիներին Գերմանիայում մեծ քանակությամբ գոնգեղ է սպառվել: 1904 թվականից նոյեմբեր ամսին Շվեյցարիայի Ռիխտերսվիլ քաղաքում, Ցյուրիխ լճի ափին գոնգեղից հեռացնում են միջուկն ու օգտագործում որպես մոմակալ: Տոնական՝«Raben Chilbi» երեկոն լուսավորվում է միայն մոմերով:

 

ԳոնգեղԳոնգեղի բերքահավաքը մեծ շուքով է տոնվում նաեւ Ավստրիայում, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում, Ուդմուրտիայում:

 

Լինելով ցրտադիմացկուն ու բարձր բերքատու գոնգեղը` որպես մշակաբույս, առավել մեծ նշանակություն ունի ՀՀ միջին ու բարձր լեռնային գոտիներում:


Քիմիական բաղադրությունն ու օգտակար ազդեցության ոլորտը


Արտաքուստ գոնգեղը նման է շաղգամին, սակայն կեղեւն անհամեմատ կոշտ է, արմատապտղի հողից դուրս աճող մասը` մուգ յասամանագույն, իսկ ստորինը` դեղնասպիտակավուն: Բնության գույները մեծ իմաստ են պարունակում, տվյալ դեպքում հուշում են, որ գոնգեղի դեղնականաչավուն պտղամիսը, հավանաբար, անտոցիաններ են պարունակում: Վերջերս գոնգեղում հայտնաբերվել է «cyanoglucosa», արմատապտուղը պարունակում է 4.6% շաքար, գլյուկոզերիոլին ու այլ գլյուկոզիդներ: Գոնգեղն ունի նիհարեցնող ու հակադիաբետիկ հատկություն: 100գ հումքի էներգետիկ արժեքը 38 կկալ է: Բույսի խոշոր, հաճախ խաչի տեսք ունեցող, մսոտ, հյութալի տերեւները պարունակում են մանանեխի յուղ, որը պաշտպանում է քայքայումից գոնգեղի հիմնական հարստությունը հանդիսացող ասկորբինաթթուն (25-70մգ, 100գ հումքի մեջ ): Ձմռան ընթացքում ու ջերմային մշակման ժամանակ տրոհվում է C վիտամինի ընդամենը 15-20%-ը: Բույսը պարունակում է մանրէասպան նյութ՝ ֆիտոալեքսին: Հյութն օգտագործում են վերքերի ու այրվածքի բուժման համար:

 

ԳոնգեղԳոնգեղը եփում են փակ տարայում, քիչ ջրի մեջ: Պտղամիսը պարունակում է 0.16% ճարպ, 1.08% սպիտակուց, 8.62% ածխաջրեր, այդ թվում` 2.3գ սննդային մանրաթել 100գ պտղամսում: Խորհուրդ է տրվում փորկապության դեպքում:


Գոնգեղն օգտակար է ոսկրերի փխրունության դեպքում. պարունակում է ոչ մեծ քանակությամբ կալցիում (Ca)՝ 43մգ (4%), մագնեզիում՝ 20մգ (6%), ֆոսֆոր՝ 53մգ (8%) (փակագծերում բերված թվերը ցույց են տալիս, թե որքանով է բավարարվում չափահաս մարդու 1 օրվա պահանջարկը): Ca:Mg=2.15:1, Ca:P=1:1.23 հարաբերակցությունը բարենպաստ է կալցիումի յուրացման համար ու նպաստում է սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքին: Նույնը կարելի է ասել կալիում (K)` 305մգ (10%), նատրիում՝ 12մգ (1.2%) հարաբերության մասին. K:Na=25.4: Լավագույնն են համարվում այն մթերքները, որոնց մեջ պարունակվող K:Na հարաբերությունը մոտ է 20-ի (կարտոֆիլ՝ 568:28, ոլոռ՝ 873:33, վարունգ՝ 141:8, կեռաս` 233:13, այլ, ծիրան՝ 305:30):

 

ԳոնգեղԳոնգեղի արմատապտուղը պարունակում է նաեւ վիտամիններ. B1՝  8%, B2՝ 3%, B3՝ 5%, B6՝ 8%, B9՝ 5%, C՝ 30-100%:

 

Միկրոտարրեր. երկաթ՝ 3%, մանգանեղ՝ 6%, ցինկ՝ 3%: Իր «նախահայրը» հանդիսացող կաղամբից գոնգեղը ժառանգել է ծծումբ պարունակող ինդոլներ: Ծծումբը, լինելով կպչուն նյութ, «հավաքում» է կանցերոգեն ու այլ վնասակար նյութերը: Ինդոլային նյութերն ունեն հակաքաղցկեղային ազդեցություն, իսկ C վիտամինը պաշտպանում է հյուսվածքներն օրգանիզմում անընդմեջ գոյացող ազատ ռադիկալների քայքայիչ «հարձակումներից»:


Գոնգեղի հում, եփած, խորոված կամ տապակած արմատապտուղը խորհուրդ է տրվում ուտել որպես միզամուղ, խորխաբեր միջոց ու նաեւ քրոնիկ փորկապության դեպքում (С.Я. Соколов, И.П. Замотаев. «Справочник по лекарственным растениям». 1984): Հեղինակները նշում են, որ գոնգեղը պարունակում է ռուտին, նրանք նաեւ կարծում են, որ բույսն առաջացել է կաղամբի ու բարբարուկի ինքնակա խաչաձեւման եղանակով:


ԳոնգեղԴեղատոմսեր


Չոր հազ. գոնգեղի պտղամիսն աղացեք, խառնեք մեղրի հետ (2:1), 2 թ.գ. լուծեք 100մլ գոլ ջրում, չափաբաժինը խմեք օրը 4-5 անգամ: Կամ. պտղամսի մի մասը հեռացրեք ու փոխարենը լցրեք մեղր, ծածկեք, զմռսեք խմորով, 1-2 օր թողեք տաք տեղում: Խմեք 1-ական թ.գ. մեղրահյութ՝ օրը 4-5 անգամ: Ի դեպ, այս հյութը սիրում էր խմել Նիկոլայ 2-րդի որդի Ալեքսեյը:

 

Շնչուղիների քրոնիկ հիվանդություններ. 500գ գոնգեղը մանր կտրտեք, շոգեխաշեք 50գ կարագի ու 50մլ ջրի մեջ, կիպ փակված կաթսայում, կրակը անջատելուց 30 րոպե անց, ավելացրեք 50գ մեղր, խառնեք: Կերեք ընկույզի հետ:
Արթրիտ, կալցիումի անբավարարություն. խմեք 100-ական մլ գոնգեղի պտղամսից քամված թարմ հյութ՝ օրը 2 անգամ, 1ճ.գ. մեղրի հետ:


ԳոնգեղՕրգանիզմը մաքրող. գոնգեղը մանր կտրտեք, շոգեխաշեք թույլ աղաջրի մեջ, կերեք թթվասերի կամ մածունի հետ:
Այրվածքներ, թարախային վերքեր. դրեք թրջոց գոնգեղից ստացված հյութով:


Առողջարար աղցան. 500գ արմատապտուղը կտրտեք, շոգեխաշեք, խառնեք 100գ մանր կտրտած կանաչ սոխի հետ: Ճզմեք 1 միջին սխտորի ատամիկներն ու խառնեք մածունի կամ թթվասերի հետ, լցրեք աղցանի վրա, ըստ ճաշակի համեմեք կծու պղպեղով եւ աղով:


Հակացուցված է աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդությունների դեպքում: Խորհրդակցեք բժշկի հետ:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ